Ռաֆայել Իշխանյան. հարցեր անուղղելի ռուսասերին
Նախաբան- Ռաֆայել Իշխանյանը այս հոդվածը գրել 1989-ին “Մաշտոց” թերթում: Հոդվածը կրում է “Դեպի կործանում տանող հին ճանապարհը” վերնագիրը: Այն ներկայացնում ենք զգալի կրճատումներով: Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Իշխանյանի “Երրորդ ուժի բացառման օրենքը” գրքում (էջ 35-44):
Այն ո՞ր երկրի թագավորն է գրել, թե հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով:
Ո՞վ է Անդրկովկասի նահանգների սահմաններն այնպես որոշել, որ պատմական Հայաստանի հողերը հայկական հոծ բնակչությամբ (Ուտիք, Արցախ, Սյունիք, Լոռի, Ջավախք) մնան Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգներում, որպեսզի հետո՝ դրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս մնան կամ Հայաստանի ու իր հարևանների միջև պատերազմի պատճառ դառնան:
Ո՞վ էր 20-րդ դարի սկզբին Անդրկովկասում զինում հայերի հարևան մահմեդականներին հայկական ջարդեր կազմակերպելու համար:
Ո՞ր երկիրը պաշտոնապես հայտարարեց և իր սկզբունքը դարձրեց “Հայաստանն առանց հայերի” քաղաքականությունը:
Ո՞ր պետության հրամանով փակվեցին նույն երկրում եղած բոլոր հայկական դպրոցները և բռնագրավվեց հայ եկեղեցու ունեցվածքը:
Ո՞ր պետության զորաբանակների աչքի առաջ ոչնչացվեց ու տեղահանվեց Արևմտահայաստանի ամբողջ հայությունը, և այդ զորաբանակները որևէ օգնություն ցույց չտվին հայերին:
Այն ո՞վ էր, որ սուտ նահանջի անվան տակ 1915թ. վերացրեց Վասպուրականի հայկական պետությունը և հայությանը քշեց իր դարավոր բնօրրանից դեպի հյուսիս:
Այն ո՞ր պետությունն էր, որ դատարկված Արևմտահայաստանում կազակներ էր բնակեցնում:
Այն ո՞ր երկիրն էր, որ 1917 թվից իր զորքերը ետ քաշեց Հայաստանից, որպեսզի թուրքական զորքերը գրավեն այն և կեղծ հայտարարություն արեց Արևմտահայաստանի ինքնորոշման մասին:
Այն ո՞ր երկիրն էր, որ մահացող Թուրքիային կենդանացրեց՝ մեծ քանակությամբ զենք, հանդերձանք, ոսկի տրամադրելով նրան:
Այն ո՞ր երկիրն էր, որ քեմալական Թուրքիայի հետ պայման կապեց Հայաստանի Հանրապետությունը իրար մեջ բաժանելու մասին:
Այն ո՞ւմ հետ էր Քեմալը համաձայնեցրել իր զորքերի ներխուժումը Կարսի մարզ:
Այն ո՞ւմ հրահանգով էին 1920թ. Բաքվից Հայաստան գրություններ ուղարկում իրենց մարդկանց թուրքական հարձակվող բանակին ամեն կարգի աջակցություն ցույց տալու և հայկական բանակի ու Հայաստանի պարտությունը կազմակերպելու մասին:
Այդ ո՞ր բանակն էր, որ մտավ Հայաստանի մնացած մասը և վերացրեց հայկական պետականությունը:
Այդ ո՞ր բանակն էր, որ կռվում էր Զանգեզուրը գրավելու և Ադրբեջանին միացնելու համար:
Այդ ո՞ր երկիրն էր, որ Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատեց ու 1921թ. հատուկ պայմանագրով համարեց Թուրքիայի մասը:
Այդ ո՞ր երկիրն էր, որ 1921թ. Նախիջևանը նվիրեց Ադրբեջանին և դեռ Շարուրն էլ միացրեց Նախիջևանի մարզին ու նույնպես անջատեց Հայաստանից:
Այն ո՞ր պետությունն էր, որ 1921թ. Արցախը նվիրեց Ադրբեջանին:
Այն ո՞ր պետությունն էր, որ պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի:
Այդ ո՞ր երկրի ղեկավարությունն էր, որ 1988թ. փետրվարի 20-ին հայտարարեց Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության և ԱրցախըԱդրբեջանի կազմում մշտապես մնալու մասին:
Ո՛չ, Ռուսաստանի հետ թշնամանալու մասին չէ խոսքը, այլ Ռուսաստանին ճիշտ ճանաչելու, մեր հողերի հարցում նրա հետ որևէ հույս չկապելու մասին:
Հղում Aniarc
No comments:
Post a Comment