Սիրելի ախպերիկ, քանի որ ես շատ-շատ վաղուց հետևում եմ Ֆեյսբուքում հայտնի և ոչ-էդքան հայտնի, հին և ոչ-էդքան հին, լրիվ քոռ կացին ու հակառակը՝ չափազանց բիջ փեսիստների գործուենությանը, ապա ես թույլ կտամ ինձ այժմ ներկայացնել ձեզ այն բոլոր ֆեւյսբուքավարական հնարքներն ու առանձնահատկությունները, որոնք հատուկ են գրեթե բոլոր իշխանական պրոպագանդիստներին կամ նույն ինքը փեսիստներին:
Նշեմ, որ ստորև բերված բոլոր նկատառումներն ու մտքերը հանդիսանում են իմ խիստ սուբյեկտիվ կարծիքը և չեն հավակնում բացարձակ ճշմարտություն համարվելուն:
Եվ ուրեմն՝ փեսիստական ֆեյսբուքավարության առաջին և հավանաբար ամենահայտնի հնարքը՝ Սերժ Սարգսյանին անգամ կես-հնչյունով չանդրադառնալու, էդ մարդուն միտումնավոր անտեսելու կամ շատ հաճախ միտումնավոր թաքցնելու ձևն ա: Տեսեք, Ֆեյսբուքում կան լիքը-լիքը շատ ակտիվ օգտատերեր, որոնք անդրադառնում են բացարձակապես ամենինչին, կրկնում եմ՝ ԱՄԵՆԻՆՉԻՆ...ասենք Անկարայում կամ Նոյեմբերյանում մի հատ ագռավ մի քիչ բարձր տռի՝ սրանք էստեղ իսկույն մի որևէ բան կշարադրեն: Չգիտեմ, էնտեղ տափակ-ցինիկ հումոր ա, լուրջ կարծիք ա, թե վերլուծություն ա, բայց հաստատ մի բան գրելու են: Հորս արև բացառվում ա չգրեն: Իրենք անդրադառնում են, հաճախ փիս քննադատում են բոլոր հնարավոր երկրների բոլոր հնարավոր քաղաքական ու մերձքաղաքական իրադարձություններին, ղեկավարներին, բռնապետներին, բռնապետների հեղինակած էշություններին, ամենինչին, այսինքն չկա տենց բան որ իրենք անտեսեն...և ա՛յ քեզ պարադոքս...էս նույն մարդիկ ԵՐԲԵՔ կրկնում եմ ԵՐԲԵՔ չեն անդրադառնում Սերժ Սարգսյանին (բացասական իմաստով) Սերժ Սարգսյանի անիմաստ՝ հաճախ մեռնելու աստիճան ամոթալի մտքերին, նրա աննորմալ արարքներին, որոշումներին, վարած քաղաքականությանը, էդ քաղաքականության արդյունքներին, տո ընդհանրապես հենց իրեն՝ Սերժին:

















