5 Mar 2015

Մուսա լեռան ազատամարտի Փրկիչ դրոշը

N 1 Փրկված հայերը Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստում
1915 թ-ի գարնանը թուրքական իշխանություններն սկսել էին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին գաղթի հրաման էր տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկական գյուղերի ավելի քան 6 հզ. բնակչությանը: Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնում է գաղթի ճանապարհը (մեծ մասը զոհվում է), մյուսները՝ մոտ 5 հզ. հոգի, որոշելով պաշտպանվել, բարձրանում են ծովափնյա Մուսա լեռը և ստեղծում ռազմական ճամբար: Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվում է Զինվորական խորհուրդ, որի մեջ ընդգրկվում են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուրիշներ:

Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ծովից՝ լեռան ծովահայաց կողմում հայերը բարձրացրել էին սավաններից պատրաստված 2 մեծ դրոշ: Մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար նրանց շուրջը գիշերները մշտապես վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում՝ Մովսես Գրքյանի ծովափին հերթապահող ժամապահ-լողորդների խումբը պետք է արագ լողալով նավ հասցներ թիթեղյա տուփի մեջ կաղապարված և անգլերեն գրված օգնության հասնելու խնդրագիր-դիմումը: Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվում, իսկ թուրքերը պարբերաբար դիմում են հայերին՝ անձնատուր լինելու վերջնագրերով:

N 2 Դրոշը պահվում է Լիբանանի Անջար քաղաքում (Լուսանկարը Ruben Shukhyan-ի ՖԲ էջից)
Վերջապես սեպտեմբերի 5-ի առավոտյան երևաց ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որից նկատել էին կարմիր խաչով դրոշը: Նավից մակույկ ուղարկվեց ափ, որը վերցրեց 5 հայ ժամապահներին (նկար N2 _ Մովսես Գրքյանը աջից): Տեղեկանալով իրավիճակին՝ հածանավից հրետակոծվեցին թուրքական դիրքերը: Ֆրանսիացիները հեռացան՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջում է անձնատուր լինել, իսկ չենթարկվելու դեպքում սպառնում անցնել հարձակման և ոչ մեկի չխնայել: Սկսվում է վերջին արյունալի գոտեմարտը: Մուսալեռցիներն անցնում են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցնում թուրքական առաջապահ դիրքերին, որից հետո թուրքական զինվորները խուճապահար նահանջում են:

Ֆրանսիական «Գիշեն» հածանավը
Սեպտեմբերի 10-ին 2 ֆրանսիական մարտանավերը կրկին մոտենում և սկսում են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվում են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվում դեպի Պորտ Սաիդ՝ իրենց հետ տանելով նաև Ազատամարտի Փրկիչ դրոշը: Նկարներում՝ Մուսա լեռան հերոսամարտի դրոշը Պորտ Սաիդում (1915թ. սեպտեմբեր) և նույն դրոշը արդեն մեր օրերում՝ Այնճարի / Անջար (Լիբանան) ազգագրական թանգարանում:



Մուսա լեռը Միջերկրական ծովի ափին


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...