Ապրիլի 11-ին Գյումրի այցելության ժամանակ տհաճ միջատեպ է եղել տեղի հոգևոր հովիվ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և Քարդաշյանների անվտանգության աշխատակիցների ու ՀՀ ոստիկանների միջև: Երբ հյուրերը մտել են Յոթ Վերք եկեղեցի (պայմանավորված նկարահանումներ իրականացնելու անհրաժեշտությամբ), որոշել են փակել եկեղեցու դռները իսկ լրագրողներին և հավաքված մարդկանց պատվիրել` դուրս գալ եկեղեցուց: Որոշ ժամանակ անց փակ դռների ետևից լսվել է Աջապահյանի բարձր ձայնը. «Սա եկեղեցի է, ապո՞ւշ եք դուք»: Որից հետո եկեղեցու դռները կրկին բացվել են:
Հասկանալի է, որ ոստիկանները և անվտանգության աշխատակիցները սխալ և անտակտ մոտեցում են ցուցաբերել: Միգուցե նախoրոք պիտի պայմանավորվեին եկեղեցու ղեկավարության հետ փակ նկարահանումներ իրականացնելու շուրջ: Ամեն դեպքում, ինքնագլուխ որոշում են կայացրել, ինչը, իհարկե, ճիշտ չէր:
Կ. Ք.-ը և Քանյե Վեսթը շտապում են հեռանալ եկեղեցուց |
Սակայն ոչնչով չի հիմնավորվում նաև Աջապահյանի վարքը, որն սկսել է անպատվել մարդկանց՝ «ապուշ», «անասուն», «էս աստիճան հիմար չի կարելի լինել» և այլ խոսքերով: Եթե անգամ սխալ էին արել, չէր կարելի արդյո՞ք ավելի նրբանկատ գտնվել ու զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, մոտենալ հանգիստ պահանջել ոստիկաններից որ բացեն դռները, կամ դուրս գալ և մարդկանց հորդորել, որ մի քանի րոպե համբերություն ունենան սպասել, չէ որ այն ինչ նկարվում էր ներսում հետո տասնյակ միլիոնավոր մարդիկ պիտի տեսնեին ամբողջ աշխարհում (Ու հարց է թե դռների մոտ հավաքվածները աղոթելու էին գնում թե Կիմին տեսնելու ...): Թե՞ պարտադիր էր նման ձևով էժան դիվիդենտներ վաստակել սեփական հոտի մոտ, իբր տեսեք թե որքան եմ ես անհանգստանում ձեր համար սիրելի հավատացյալներ, տեսեք թե հանուն ձեզ ինչպես եմ անպատվում մարդկանց, ինչքան ազդեցիկ ու խիստ եմ ես: Պարտադի՞ր էր օտար մարդկանց մոտ ինչ-ինչ տպավորություն ստեղծել: Արդյո՞ք սա հոգևորականին վայել պահվածք էր, այն էլ բարձրաստիճան եպիսկոպոսին, որը պիտի աչքի ընկնի իր առաքինությամբ ու խոհեմությամբ: Մի խոսքով անհեռատես և էժանագին ներկայացում, որից մարդիկ հաճույք են ստանում և անգամ սկսում գովաբանել հոգևորականի անկիրթ պահվածքը:
Երկակի ստանդարտները բոլոր պարագաներում իշխում են մեր երկրում, դրանում վաղուց ենք համոզվել: Դուք այս նույն վարքը կդրսևորեի՞ք օլիգարխների հղփացած լակոտների, քյաբաբագլուխ իշխանավորների նկատմամբ թե՞ միայն հատուկենտ դեպքերում է, որ պարզ դեմագոգիա իրականացնելով փորձում եք ի ցույց դնել ձեր արդարամիտ և հավատացյալասեր կերպարը: Իբր տեսեք թե ես որքան եմ մտահոգված աղոթքի սպասումով տապակվող հավատացյալ ժողովրդիս համար: Այնպիսի տպավորություն է, որ այս անձնավորությունը առիթը բաց չի թողնում լինել հասարակության ուշադրության կենտրոնում: Մի մոռացեք, որ պատգամավոր կոչվող Ս. Ալեքսանյանի զավակների կնունքի հիշողությունը դեռ թարմ է մարդկանց հիշողության մեջ (Լֆիկ Սամոն եկեղեցին փակել է տվել` իր երեխաներին կնքելու համար): Հենց այս ձևականությունը և կեղծավորությունն են որ տհաճության զգացողություն են առաջացնում շինծու հոգևորականների նկատմամբ: Այս փոքրիկ ներկայացմաբ, հիրավի, կարողացաք մասամբ հասնել ցանկալի արդյունքի՝ բարձրացնել ձեր հեղինակությունը դյուրահավատ մարդկանց շրջանում: Բայց դա էլ փուչ է և կեղծ:
Քարդաշյանի այցելությունը մի քանի օրում ահռելի PR նշանակություն ունեցավ Հայաստանի համար: Աշխարհահռչակ բրիտանակն Daily mail պարբերականը միայ յուրաքանչյուր 20 րոպե ընդմիջումով մի հոդված է տպագրում Քարդաշյանի այցի, Հայաստանի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ (The guardian, CNN, ABC News, The New York Times, Washingtonpost, BBC, Mirror.co.uk, Buzzfeed, Hollywoodlife.com, PerezHilton.com, Chicago Tribune, The Indian Express, Economic Times, Al-Arabiya, Euronews, CBS News, Sky News, DW, Irish Independent, New York Daily News, International Business Times UK, TMZ.com, Billboard, Huffington Post UK, Telegraph.co.uk, Jerusalem Post, The Independent, Times LIVE, Los Angeles Times): Ձեր տնօրինության տակ գտնվող եկեղեցին էր հայտնվելու աշխարհի ուշադրության կենտրոնում հարգելի Աջապահյան: Վատ կլինե՞ր, Ձեր «մոմի փողն» էր ավելանալու միայն, ինչի՞ց էիք դժգոհ ... Մի փոքր շրջահայացությունը, նրբանկատությունը և խոհեմությունը բնավ չէին խանգարի:
No comments:
Post a Comment