... Կախաղաններ, զոհեր, երեխաների կմախքներ, գանգեր և այլ սարսափազդու տեսարաններ, իրենց հոլովակներում պարտադիր ընդգրկել են իրենց հարգող բոլոր երգիչները:
Եվ ի՞նչ նպատակ է հետապնդում այդ սոսկալի կադրերի չարչրկումը հեռուստատեսությամբ. տասնյակ, հարյուրներով տղամարդիկ գլխիկոր քայլում են՝ մեկ-երկու ձիավոր թուրքի կամ քրդի ուղեկցությամբ: Առանց ընդդիմանալու: Հետո արդեն շարված են՝ տասնյակ, հարյուրավոր տղամարդիկ, հնչում են կրակոցներն, ու ընկնում են տասնյակ, հարյուրավոր տղամարդիկ…
Կանանց, երեխաների հետ կապված կադրերն արդեն դիմանալու չեն:
Հետաքրքիր մի օրինակ. հրեական հոլոքոստի ամբողջական անվանումը հնչում է այսպես. «Հոլոքոստ և հրեական քաջություն» … Եվ հետո, հոլոքոստի ճանաչման համար հրեաները դռնեդուռ ընկած չեն: Հոլոքոստը չեն իջեցրել բրենդի մակարդակի: Դա քաղաքական գործիք է, որից մինչ օրս նրանք դիվիդենտներ են ստանում:
Բայց մենք էլ, ճիշտ է, հասուն չենք, բայց հնարամիտ ենք:
Անմոռուկից բացի՝ արդեն բրենդային է նաև «1,5» թվային կոմբինացիան: Այն նախ՝ գեղեցիկ համադրվում է 191,5 թ-ի հետ: Հետո ոսկե միջին է՝ ո՜չ 1 միլիոն է, ինչպես, օրինակ, Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է իր հուշերում գրում, ոչ 2 կամ 3 միլիոն, ինչպես շատ պատմաբաններ են վկայում՝ թիվը հիմնավորելով ծուխ առ ծուխ կատարած հաշվարկով: Թեև առաջանում է խիստ տրամաբանական մի հարց. տարիներ առաջ 1,5 միլիոնը դասագրքերում, պաշտոնական խոսքում, բանավոր զրույցներում 2 միլիոն էր: Ի՞նչ եղան 500 000 զոհերը:
Ի դեպ, քանի որ մեր սուգը ոչ մի ուրախ նոտայով չենք կարող փչացնել, պատշաճ չէ, հետևաբար հիշեմ հրեական մի սրամտություն՝ կապված հոլոքոստի հետ: «Ինչու՞ ինքնասպան եղավ Հիտլերը: Պատասխան. Ինքնասպան եղավ, երբ նրան ներկայացրին գազի հաշիվը»: Ինչպես ասում են՝ մեջբերման ավարտ…
Այժմ լրջորեն ու թախծոտ դեմքով անդրադառնանք մեր ողբերգությանը: Այս անգամ՝ Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյա միջոցառումներին՝ Գրիգոր Լուսավորիչով, Տրդատով, պայմանական կույսերով, Խոսրով Հարությունյանով: Լուսավոր այդ իրադարձությունը փոքրացրեցինք, փոքրացրեցինք, տեղավորեցինք ցածրաճաշակ մի միջոցառման մեջ: Ու վերջացավ: Ո՞վ է այսօր հիշում այդ միջոցառումը: Ավելի ստույգ, ո՞վ է այսօր մեր երկրում հիշում, որ մենք քրիստոնեության 1700-ամյա ավանդույթ ունենք:
Հնարավոր ամեն ինչը, այս դեպքում՝ քրիստոնեությունը, ցեղասպանությունը, եթե ինչ-որ բանի կարողանում ենք վերածել, միջոցառումն է: Դրանք իրենց երկրի շահերի համար քաղաքականության վերածում են մյուս պետությունները:
Իսկ մեզ համար ցեղասպանությունը խորհրդանիշ է՝ անմոռուկ, 100 բարձ, 1.5 միլիոն զոհ…
Եվ այս պատմության մեջ ամենահետաքրքիրն ու մխիթարականն այն է, որ աշխարհում մեզ դեռ լուրջ են ընդունում: Վատիկանում մեզ համարեցին համաշխարհային ժողովուրդ, այնպիսի ժողովուրդ, որն ունի Տիեզերական եկեղեցու դոկտոր Նարեկացի: Այսինքն՝ կոտորել են Նարեկացի ունեցող ժողովրդին: Իսկ դա արդեն համաշխարհային ողբերգություն է:
Սակայն, միևնույն է, մենք շարունակում ենք թղթե անմոռուկներ պատրաստել: Մենք նման ենք Կաֆկայի հերոսներից մեկին, որն իր ողջ կյանքն անց է կացնում բաց դարպասների առաջ նստած՝ սպասելով, թե մի օր կհասկանա, թե ինչի համար են դրանք բաց: Եվ երբ իր մահից առաջ դարպասները հանկարծ փակվում են, նոր հասկանում է, որ դրանք բացված էին հատուկ իր համար:
Լիլիթ Ավագյան [մեկնաբան]
No comments:
Post a Comment