21 Jun 2015

Թքե՞լ են Ձեզ վրա

Լուսանկար | 168.am
Սկզբից՝ մի ակնթարթ վախեցա, հետո զարմացա, երբ օրվա փոստի մեջ ոստիկանությունից ուղարկված ծրարը տեսա: Մինչ ծրարը կբացեի, ֆիլմի ժապավենի նման Հոլանդիայում ապրածս անցյալ տարիներն արագացված կադրերի նման մի քանի ակընթարթում, անցան աչքերիս դիմացով: Կադրերը ետ ու առաջ անելով փորձում էի հիշել երբ և ինչ եմ արել, որ ոստիկանությունն ինձ հիշել է: 
Չգտա ու ոչ մի բան չմտաբերեցի, բացի դիսկոներում ուսանողական տարիներին մի քանի անգամ էքսթզի հաբեր կուլ տալուց ու 2 անգամ էլ առանց տոմսի գնացքում երթևեկելուց, իսկ ծրարի բացելը ինձ համար արդեն մի ամբողջ հավերժություն թվաց: Ծրարը բացվեց (վերջապես): Խնամքով ծալված, ոստիկանության լոգոտիպով ու հասցեով մի նամակ էր.

«Մեծարգո տ-ին Տեր Արամյան,

Ներքոհիշյալ՝ ցանկանում ենք Ձեզ հայտնել, որ Ձեր վրա թքողներին հայտնաբերել ենք: Պարոնայք ..... -ները (2 արաբական ծագումով ազգանուններ) հայտնաբերվել և այժմ գտնվում են ժամանակավոր մեկուսարանում: Եթե Դուք, դեռ ուզում եք Ձեր բողոքը մինչև դատական մարմիններին հասցնեք, ապա կխնդրեինք մինչև սույն թվականի 1-ը օգոստոսի համապատասխան մարմիններին տեղյակ պահել Ձեր մտադրությունների մասին: .. ... .. այս հեռախոսահամարով կարող եք կապնվել պ-ն Կոհենի հետ մանրամասն ինֆորմացիայի համար:

Հարգանքներով՝
Ռ. Կ. ֆան Ֆաասսեն
Այսինչ քաղաքի ոստիկանության, այսինչ բաժնի ղեկավարի տեղակալ»

Նորից կարդացի: Իմ ազագանունն  է, իմ հասցեն, բայց ի՞նչ թքել, ու՞մ վրա, ո՞վ, ե՞րբ: Կարդացի 3 անգամ, մտածում էի՝ գուցե լավ չեմ հասկանում: Բացեցի բառարանը, ամեն մի բառ ստուգեցի: Չէ, շատ ճիշտ էլ հասկացել եմ՝ 2 մարոկ թքել են ինձ վրա, իսկ ես բանից տեղյակ չեմ, բայց գործը հասել է ոստիկանություն: Երկար բարակ մտածելուց ու ոչ մի բան չհիշելուց հետո որոշեցի զանգահարել պ-ն Կոհենին, պարզել թե երբ են հասցրել ինձ վրա թքել:

- Էլլա Տեր Արամյանն է, կցանկայի պ-ն Կոհենի հետ խոսել, եթե հնարավոր է:
- Անշուշտ: Ես եմ Կոհենը: Լսում եմ Ձեզ: Հուսով եմ կարող եմ օգնել մի բանով:
- Բարի կեսօր պարոն: Այս առավոտ ես մի ծրար ստացա ոստիկանության բաժանմունքից, Ձեր անունն էր հիշատակված, որպեսզի դիմեմ հարցեր առաջանալու դեպքում: Այսպիսի մի հարց.
Պարզվում է, որ 2 անձնավորություն թքել են ինձ վրա ու ոստիկանությունն է զբաղվում դրանով, իսկ ես այդպիսի դեպք չեմ հիշում, որ կատարված լինի ինձ հետ:
- Թույլ տվեք նայեմ: 2009 թվականի հունիսին, իսկ ավելի կոնկրետ 14-ը հունիսի, դուք հայտարարություն եք տվել, որ Ամերսֆորտ-Ամստերդամ գնացքում, Հիլվերսում կայարանում, ինչ որ երիտասարդներ թքել են Ձեզ վրա: Դու՞ք հաստատու՞մ եք, թքե՞լ են Ձեզ վրա:

Ու հանկարծ կայծակնային արագությամբ մի այլ ժապավեն շարժվեց աչքերիս առջև:
2009-ի ամռանը, գնացքով Ամերսֆորտից տուն էի գնում՝ Ամստերդամ: Հիլվերսումում, որտեղ 3 րոպեանոց կանգառ ուներ գնացքը, պլատֆորմ բարձրացան մի խումբ հյուիսաֆրիկյան արտաքինով 15-17 տարեկան տղաներ ու սկսեցին նայել գնացքի բաց լուսամուտներից ներս: Տղաները բարձրաձայն ինչ որ անպարկեշտ բաներ էին ասում ուղևորներին: Որոշեցի արհամարել և ձեռքիս տակ եղած ամսագիրը կարդալ: Հանկարծ մեկը գոռաց. «Հեյ քա՛ծ, արի քեզ ամենալավ ձևով շինեմ, որ մամադ էլ նախանձի քեզ»: Ուղևորներից մեկը մինչ կհասցներ պատուհանը փակել, տղան երկու անգամ թքեց իմ ուղղությամբ: Մեկը ուղիղ ծնկիս, իսկ մյուսը այտիս ու պարանոցիս: Ես աչքերս փակեցի ու զզվանքից ինձ թվաց հիմա ուր որ է կմոխրանամ: Ուղեկցորդուհին, որ արդեն վագոնի դռների մոտ էր, տեսավ կատարվածը, և անմիջապես կապվեց կայարանի անվտանգության աշխատակիցների հետ: Կինը մոտեցավ ինձ, ներողություն խնդրելով պատահածի համար, դեպի ինձ պարզեց 2 խոնավ անձեռոցիկներ:

- Ձեզ հետ ամեն ինչ նորմա՞լ է, տիկին:
- Կարծեմ այո, շնորհակալ եմ, - պատասխանեցի ու հնարավորինս, ինչքան արագ ու ուժեղ կարող էի մաքրում էի մերթ այտս, մերթ ծունկս: Կինը հեռացավ, բայց կարճ ժամանակ հետ վերդառնալով հարցրեց ինձ.
- Տիկին, կուզենա՞ք այս մասին ոստիկանությանը հայտնեմ:
- Կարծում եք ոստիկանությունը նման հուլիգանների համար ժամանակ կունենա՞:
- Կարծում եմ այո: Սա առաջին դեպքը չէ:
- Դե ուրեմն արեք ինչպես կուզեք,- պատասխանեցի:
- Խնդրեմ, լրացրեք այս հարցաթերթիկը, և ես կհոգամ որ սրանցով զբաղվեն, - ինձ պարզելով մի թերթիկ գրիչի հետ, - Ահա, այստեղ գրեք ձեր հեռախոսի համարը, որպեսզի ոստիկանները կապվեն Ձեր հետ համապատասխան ինֆորմացիա ունենալու դեպքում:
Այդ օրվանից անցան ուղիղ 5 տարի և 1 օր: Ես կատարվածի մասին մոռացա, երևակայի հենց հաջորդ օրը: Անսահման էր զարմանքս, երբ ստացա նամակը: Պարոն Կոհենին ասացի, որ ցանկություն չունեմ դատարան գնալու: Արեք այնպես, ինչպես դուք եք ցանկանում:

Հայաստանի կոտրված «Երազը» | © Հետք

Այս պատմությունը հիշում եմ ամեն ագամ, երբ կարդում եմ, որ Հայաստանի ոստիկանապետը իր հերթական «բարեփոխումներն» է խոստանում ոստիկանության համակարգում: Ու ամեն անգամ երազում եմ. «Երանի, որ մենք էլ նման համակարգ ունենանք մի օր»:

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...