7 Mar 2016

Ցուցադրական և հոտային հայրենասիրություն

ՖԲ-ում մի աղջիկ զինվոր գովերգող նկարի տակ գրել էր, թե «զինվորախեղդ արեցիք արդեն»,  նմանատիպ մի բան։ Հարկ եմ համարում ասել, որ ՖԲ-ում այսպես կոչված զինվորագովերգումը հիմնականում դարձել է ինքնահաստատվելու, շատերի համար լայք մուրալու, գրոտեսկային, էժանագին զբաղմունք և սրտաճմլիկ ներկայացում։ Շեշտը, բնականաբար, դրվում է լայն մասսաների հայրենասիրական զգացողությունների վրա։ Hayforum.Blog

Հայ հասարակությունն օրնիբուն դաստիարակվում է ռազմական կղերաֆեոդալիզմի գաղափարախոսությամբ, ատելության ու ֆաշիզմի քարոզով: Ցանկացած մանկապարտեզի կամ դպրոցի միջոցառում վերածում են կամ բանակի տոնի կամ՝ «հիշում ենք ու պահանջումի»: Այդ երեխան դրանից է հոգնել, ռեժիմով պարտադրվող «ուղեղների ռազմականացումից», անկեղծության պահին պոռթկացել է, չհասկանալով, որ դրանով նաև շատերին կարող է վիրավորել: Եթե անգամ կոնկրետ մարդուն «հոշոտեցիր», իր տեսակետը չի փոխվելու, երբեմն ավելի է խորանալու, այնինչ, պետք էր է այնպես անել, որ մարդն ընկալի իր սխալը, եթե իրոք սխալ է տեսակետը։

Սարգիս Միքայելյանի գրառումը 

Ուրեմն, նախ, հարցը ոչ թե բուն գրառումն է, այլ դրան տրվող հրապարակային արձագանքները: Մեղմ ասած` հայ ինտերնետ-հանրության փառավոր, հերոսական, ազգանվեր օգտատերերը, հոծ խմբերով վրա են տվել երեխային (այդ աղջիկը լրիվ երեխա է` դատելով պրոֆիլից)` միտք արտահայտելու համար (թեկուզ` շատ վատ միտք և շատ անհաջող արտահայտված) և հերոսաբար բզկտում են։

Ասենք թե` մի բան սխալ է ասել, վատ է ձևակերպել ... Կամ ասենք թե անգամ իրոք թքած ունի բանակի վրա, սահման պահող զինվորի վրա, միթե դա նշանակում է, որ պետք է ամբոխով հարձակվել վրան ու տրորել հրապարակավ։

Էլի եմ նկատել նման երևույթ հայկական ՖԲ-ում. մեկը ընդհանուրի կողմից «խրախուսելի» ձևից շեղվող, ակնկալվողից տարբերվող մի տեքստ է գրում, կամ կպնում է ինչ-որ «տաբու» թեմաների, ու գնաց համահայկական հոշոտման գործընթացը ...
Ժողովուրդ ջան, դա հեչ լավ բան չի վկայում: Մասնավորապես, վկայում է, որ.

1. մի հսկայական զանգվածի մոտ գործում է հիմնականում «հոտային ինստինկտը» («բոլորը քրֆում են մեկին, ուրեմն` տեղն է, ես էլ կքրֆեմ»),
2. մարդիկ վախենում են հասարակական հնչեղության թեմաների շուրջ արտահայտվել ազատորեն` առանց տաբուների ու «ադաբրյամսների», և այդ վախը կոմպենսացնում են այդպես արտահայտվողների նկատմամբ ագրեսիայով,
3. մարդկանց մի լուրջ մասը չարացած է, ինչը թունավորել է նրանց` սթափ դատելու, նյութի շուրջ ինքնուրույն ու առանց կողմնակի իմպուլսների մտածելու կարողությունը,
4. ինտերներտում բաց հաղորդակցման տարրական կուլտուրան ոչ թե զրո է, այլ զրոյից ցածր եսիմ ինչ է, գրողը տանի,
5. ոչ մի կերպ չեն ներվում ու չեն հանդուրժվում մի քիչ այլ կերպ մտածողները, նրանց ոչ թե պետք չի անգամ լսել, այլև պետք է միանգամից «սատկացնել», որ հանկարծ ամբոխին անհաճո միտք, անսովոր տեսակետ գոյություն չունենա ...
6. ագրեսիվության աստիճանն ուղղակի համարժեք չէ այն առաջացնող իմպուլսին. նման աստիճանի ագրեսիա կարելի էր, գուցե, ցուցաբերել թշնամական հարձակման ժամանակ, այլ ոչ ինչ-որ միտք արտահայտելու դեմ ...
7. մի հսկայական զանգված ունի ինքնահաստատվելու լուրջ կարիք, և դա կարողանում է անել միայն այլոց` տվյալ պահին ավելի թույլ դիրքերում հայտնված մարդկանց հաշվին:


Սա շատ վտանգավոր պրոցես է, ժողովուրդ: Այսպես են ծնվում միատար-միասեռ մտածողների, անհատականություններ չհանդուրժողների հասարակությունները, այսպես է առաջանում տոտալիտարիզմը:



No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...