6 Mar 2016

Հայկական հեթանոսական տաճարների կործանումը քրիստոնեության տարածման շրջանում

Նոր կրոնի հաստատման ժամանակ քրիստոնեաները «ամենայն զօրօքն հանդերձ» և «տէրունական նշանի / խաչի» զորությամբ ավերեցին բագիններն ու տաճարները։ Ի դեպ՝ երբեմն պնդում են, թե մեհյանները չեն կործանել, այլ միայն՝ բագինները (զոհարանները)։ Նախ՝ անհասկանալի է, թե դա ինչ է փոխում։ Երկրորդ՝ մեհյանները չեն կործանե՞լ։ Դե ուրեմն ուշադիր կարդանք մեր աղբյուրները.

«Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին» (Ագաթանգեղոս § 778)։

Ապա հերթը հասնում է Անահիտի մեհյանին. «և ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան. և լուցեալ յանկարծօրէն փայտակերտն հրդեհեցաւ» (Ագաթանգեղոս § 779)։

«Եւ իբրև եկին հասին յանդիման մեհենացն, մօտ ի գետն Եփրատ՝ կամէր ... կործանել զբագինսն, և շինել զվկայարանս նոցա [Հովհաննես Մկրտիչի ու Աթանագինեսի համար - ՀՄ]» (Ագաթանգեղոս § 810):

«հրաման ետ Գրիգոր զօրականին և իշխանացն որ ընդ իւրն էին, զի ելցեն և մրճօք տապալեսցեն զշինուածս բագնացն» (Ագաթանգեղոս § 812):
Ապա՝ Տիրոջ ուղարկած հողմը «չոգաւ հարթեաց, տապալեաց, ընկէց զամենայն շինուածսն բագնացն: Եւ այնչափ կորոյս, զի յետ այնորիկ ոչ ինչ ոք յայնմ տեղւոջ նշմարանս կարէր գտանել, ո՛չ քարի և ոչ փայտի, ո՛չ ոսկւոյ և ոչ արծաթոյ, և ոչ բնաւ երևէր, թէ լեալ ինչ իցէ անդ: Եւ անթիւք կոտորեցան մարդիկ պաշտամանն քրմութեան որ ի տեղւոջ անդ էին, և անհետ եղեն ոսկերք նոցա. և որք տեսինն՝ անթիւ մարդիկ հաւատացին» (Ագաթանգեղոս § 813):

«Սոյնպէս և ի տեղիս մեհենացն զոր կործանեաց յառաջագոյն». Տրդատի մասին է (Ագաթանգեղոս § 841):

* * *
Միշտ նույնը. կործանի՛ եղածը, որ հաստատես քո կրոնն ու գաղափարախոսությունը։ Ու դա արա հավատի օգնությամբ՝ մարդկանց զգայուն լարերի հետ խաղալով։
Կրոնն ստեղծում է մշակութային խոշորագույն արժեքներ։ Կրոնն աստվածային չի, քանի որ ստեղծված է մարդու կողմից։ «Աստվածային» են մարդու ստեղծած մշակութային արժեքները՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից կամ դավանաբանական հենքից (աստվածային՝ ո՛չ կրոնական իմաստով), և անաստվածորեն զազրելի ու դատապարտելի է մշակույթ կործանող ամեն մի դրվագ՝ քրիստոնեական թե ոչ քրիստոնեական:


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...