Գյուղի մեր ամառանոցում կաղնե ծանր գրապահարան կար գրքերով լեցուն : 20-60 թվականներին հրատարակված գրքեր էին : Հատկապես , դրանցից մեկը, երբեք չեմ մոռանա, կոչվում էր ,,Կլոր Տարի,, (մանկական տարեգիրք - 1954): Հիմա կարող եմ ասել, որ հետագայում աշխարհե աշխարհ թափառելուց հետո երբեք չտեսա պոլիգրաֆիական նման կատարելությամբ հրատարակված մանկական գրականություն . անբասիր հմտությամբ ընտրված հեքիաթներ ու պատմվածքներ, բարձրաճաշակ պատկերազարդում, գերազնիվ տպագրական թուղթ, լուսանկարները փափուկ մոմաթղթով վարագուրված :
Մի խոսքով - թանգարանային ցուցանմուշ, որը հույս ունեմ դէռ պահպանվում է Տավշո Բերդ քաղաքի մեր տանը, նույն ծանրախոժոռ գրապահարանում : Եվ ահա, մի էջի վրա գրված էր .,, 1953 թվականի մարտի 5-ին վախճանվեց Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը ,, , ներքևում էլ տպագրված էր մեր սիրելի բանաստեղծներից մեկի ոտանավորը .,, Բոլորի հետ լալիս էր լուռ մի մոսկվացի փոքրիկ աղջիկ ...,, : Յանի էս ամբողջ կոմպոզիցիան կառուցված էր այնքան վեհ ու սրտառուչ , որ պիտի քար լինեիր, փետ լինեիր, չզգալու համար կորստի մեծությունը : Այնքան ազդեցիկ ու հիասքանչ էր ամենի ներգործությունը մանկական հոգիների վրա ... Ահա թե ինչ ուժ ունի տոտալ պրոպագանդան . մի զորամաս հրթիռներն ու միջուկային մարտագլխիկները ոչինչ են տոտալ պրոպագանդայի համեմատ ... ՈՒ հիմա շատերը զարմանում են, թե ինչպես կարող է 21-րդ դարի մարդը արցունքոտվել, խոնարհվել ,,ժողովուրդների հոր,, հիշատակի առաջ : Իսկ ես, անկեղծ ասած , զարմանում եմ նրանց զարմանալու վրա : Եվ, գիտեք ինչու ?, որովհետև ,,տոտալ բռնապետ,, ասվածը մի ինչ-որ անհատ մարդ չէ , այլ , առաջին հերթին մարդկային մտածողության յուրահատուկ կառուցվածք է ու նաև հանրային գիտակցության որոշակի վիճակ , վերջապես - տոտալ- գեներալիզացված ծանր հոգեկան խանգարում - խրոնիկական ընթացքով : Մարտի 5-ին մեռավ Սոսո Ջուղաշվիլին , սակայն կոլեկտիվ Ստալինը չմեռավ, դեռ ապրում է ու դեռ կապրի... Ստորև ներկայացնում եմ իմ ճեպանովելներից մեկը ,, Շողացող ստվերներ ,, ժողովածուից :
ԾԵՐ ՏԻԿՆՈՋ ԱՅՑԸ : Երբ ամեն անգամ քաղաքական հերթական մոհիկանի վերադարձով երիտասարդները սկսում են հուսադրվել, կամ ,,թաքուն խանդավառվել,, , մտաբերում եմ մի պատմություն, որ լսել եմ իմ մեծերից:
30-ականների մեծ տեռորի մասին բոլորը գիտեն: Սակայն այն կազմակերպելու ,,տեխնոլոգիան,, մինչև օրս շատերին է անհայտ ... Հայաստանի մոռացված անկյուններից մեկում ապրող Նոյան բեկը և նրա կինը - Վարինկան, ամեն գիշեր սպասում էին, որ ուր որ է էնկավեդեականները գալու են նաև իրենց ետևից: Եվ ահա , Վարինկան գտնում է սելավից փրկվելու հնարը: Գայթակղելով նգժկ-ի շրջանային բաժնի պետին, միաժամանակ խոստանում է գյուղի ,,հակասովետական,, երիտասարդներից մի պատկառելի ցուցակ ստեղծել և տրամադրել օրգաններին: Լինելով բեկի կին և որևէ կասկած չհարուցելով, տիկինը սկսում է գաղտնի ժողովներ կազմակերպել, ջահելների ուղեղը լվանալ, թե իբր - այսպես ու այսպես, ահա շուտով կոմունիստները հեռանալու են, իսկ ազգայնական ուժերը ետ են գալու, Նոյան բեկին էլ նշանակելու են գավառապետ: ՈՒրեմն ովքեր ուզում են պաշտոններ ունենալ նոր կառավարության մեջ, ցանկալի է, որ հիմիկվանից ցուցակագրվեն ...
Մի գյուղից 17 երիտասարդների աքսորում են Սիբիր. ոչ մեկը չի վերադառնում: Նրանց հարազատները ևս ենթարկվում են բռնաճնշումների: ,,Ռեկորդային բերքահավաքի,, համար բաժնի պետի պաշտոնը բարձրացնում են, իսկ պրովակատոր ամուսինները , արդեն ուշքի եկած գյուղացիների վրեժից խուսափելով, փախչում են Ռուսաստան, իսկ Հայրենական պատերազմի ավարտին, գերմանական բանակի հետ նահանջում ԵՎրոպա, այնտեղից էլ Ամերիկա: Խրուշչովյան ,,ձնհալի,, տարիներին Նոյան բեկը և Վարինկան իբրև զբոսաշրջիկ գալիս են Հայաստան և, չգիտես թե ինչ առաքելությամբ, այցելում նաև հայրենի գյուղ: Եվ հենց այստեղ է սկսվում ողբերգությունը. զարկված, որբևայրի դարձած ընտանիքները դիմավորում են սրանց աղուհացով, նվերներով, համոզված, որ Վարինկան լուր ունի իրենց կորուսյալ որդիներից և ամուսիններից : Սա է հոգեբանական պարադոքսը: Անմեղ խալխը խանդավառված գալիս է դահիճների մոտ զոհերի կարոտն առնելու ...
Հեղինակ՝ Վարդգես Դավթյան
No comments:
Post a Comment