[1] Հայերենի բարբառներում տարածված են սեռական անդամների «մրգային» անվանումները (հիմնականում՝ մեղմասություն/էվֆեմիզմ, երբեմն էլ մանկական լեզվում, ժարգոնում կամ ծածկալեզվում)։ Ահա մի քանի օրինակ.
ԹՈՒԶ՝ Ասլանբեկի և Ոզմի բարբառներում նշանակում է ‘vulva = իգական սեռական անդամ’ (ՀԱԲ 2, 202a)
ԾԻՐԱՆ՝ Ղարաբաղի ծածկալեզվում՝ ‘vulva’ (Աճառեան 1913, 515b; ՀԱԲ 3, 244a)
ՄԱՄՈՒԽ ‘սալոր’ > Նոր Նախիջևան՝ ‘vulva’ (ՀԱԲ 3, 244a)
ՇԷՖԹԱԼԻ (թրք.) ‘դեղձ’ > ‘vulva’ (ՀԱԲ 3, 244a)
ՓՇԱՏ > Ղարաբաղում՝ ‘երեխայի penis’ (Աճառեան 1913, 1073b), և ոչ միայն Ղարաբաղում
[2] Որոշ դեպքերի համար բարբառագիտական կամ խոսակցական գրանցում գուցե չունենք, բայց շատերիս է հայտնի նաև հետևյալ մրգանունների կիրառությունը սեռական անդամի փոխարեն՝ ԴԱՄԲՈՒԼ, ԽԻԱՐ, ՇԼՈՐ (կամ հոգնակի ՇԼՈՐՆԵՐ՝ այս դեպքում ‘testiculi’ իմաստով), ՏԱՆՁ և այլն։
[3] Հայերեն ԹՈՒԶ բառը ծագում է *thuōik̂o կամ *tū(i)k̂o տիպի մի հնագույն ենթաշերտային նախաձևից, որից սերում են նաև հունարեն τῦκον [tūkon] (σῦκον) և լատիներեն fīcus բառերը՝ երկուսն էլ ‘թուզ’ նշանակությամբ։ Եվ հետաքրքիր է, որ այս հունարեն բառը նույնպես, ‘թուզ’ իմաստի կողքին, ունի նաև ‘female genitals’ իմաստը: Նաև լատ. fīcus ‘թուզ’ բառից սերող իտալերեն fico ‘թուզ’ բառն է այսպիսի իմաստային զարգացում ցուցաբերում՝ բրբռ. fica / figa բառը նշանակում է ‘vulva’ և ‘sexually very attractive woman’։ Այսինքն՝ նույն ծագումն ունեցող հայերեն ԹՈՒԶ, հունարեն τῦκον ‘թուզ’ և լատ. fīcus ‘թուզ’ բառերը երեքն էլ զարգացրել են ‘իգական սեռական օրգան’ իմաստը։
[4] Վերոհիշյալ ՄԱՄՈՒԽ ‘սալոր; vulva’ բառից ածանցվել է Վանի բարբառի ՄԱՄՈՒԽԻԿ ‘կանացի՝ թուլամորթ մարդ’ (Աճառեան 1913, 748a)։ Սա հիշեցնում է հայերեն ՊՈՒՑ ‘vulva’ բառից ածանցված ՊՈՒՑԻ բառը, որ Պոլսո բարբառում նույն իմաստն ունի՝ ‘կանացի՝ թուլամորթ մարդ’ (Աճառեան 1913, 926b): Այս կապակցությամբ հետաքրքիր է, որ վերոհիշյալ լատ. fīcus ‘թուզ’ (իտալերենում՝ ‘vulva’) բառից փոխառված գերմ. Feige ‘թուզ’ բառը նույնպես ստացել է ‘թուլամորթ, վախկոտ’ իմաստը։
Հրաչ Մարտիրոսյան
Facebook Մայրենի լեզվի դասեր
No comments:
Post a Comment