26 Jun 2016

«ԾԱՄԹԵԼ» ՊԱՐԵՐԳԸ ԿԱՄ (այսպես կոչված) ԾԻՍԱԿԱՆ ՍՏՐԻՊՏԻԶ

1. Ստրիպտիզը սովորաբար թանկ է նստում: Էս մի «ստրիպտիզն» էլ ինձ վրա թանկ նստեց, քանի որ համարյա երկու անգամ գրեցի. առանց գրածս պահպանելու (save անելու) ոգևովորված գրում էի, ու երբ հասա այն տեղին, երբ աղջիկը տղային, ծամթելը ծովից հանելու դիմաց, առաջարկում է ամենաթունդ պարգևը («Զիմ գոտուց ցածր կ’իտամ»), հենց այդ պահին լույսերը տարան: Համակարգիչն աղմուկով անջատվեց, գրածիս մի զգալի մասը կորավ. ահագին զահլա գործ էր վերականգնելը… Հոլանդիայում շատ հազվադեպ է լինում, որ լույսերը կտրեն. էն էլ` առանց նախազգուշացնելու: Հոլանդացիք դրանով կրկնակի նոստալգիա խփեցին. մեկ` լույսերը տանելով ինձ գցեցին 1990-ականների հայկական իրականություն, մեկ էլ` ստրիպտիզի թունդ պահը կտրող սովետական ցենզուրա… :)

Նախորդ քննարկման մեջ հարց հնչեց «Զինչ ու զինչ տամ լողվորչուն» հայտնի պարերգի ու դրա մեջ գործածված բառերի մասին: Արդեն ասացի, որ ընդունելի չեմ համարում ԶՈՄԱ բառը սանսկրիտ SOMA ըմպելիքի անվանումից բխեցնող ստուգաբանությունը: Կա շատ ավելի հեշտ ու թափանցիկ բացատրություն. դա հայերեն բարբառային ԶՈՄԱ ‘յայլա, արոտավայր’ բառն է, որ իսկապես գոյություն ունի Վանի ու Շատախի բարբառներում (հիմա էլ կենդանի է, օրինակ, Հրազդանում). ու ՀայԼեզԲրբԲառ Ա, 2001, 419a-ում էլ այս քննվող երգի ԶՈՄԱ-ն բացահայտորեն հենց այս բարբառային բառի հետ է նույնացվում: Ճիշտ ինչպես ունենք Յայլա-ջան-յայլա ծիսական հանգերգը` ՅԱՅԼԱ ‘արոտավայր’ հոմանիշից:

Մեր մյուս խմբակիցներն էլ գրեցին զոմա ու քոմա բառերի ու մի երկու այլ հարցի մասին, ուստի դրանց այլևս չեմ անդրադառնա: Չեմ քննարկի նաև այս պարերգը որպես ծիսական ստրիպտիզ դիտարկող վարկածը (այդ մասին տես, օրինակ, Խուդաբաշյան 2001, 2004):

2. Այս պարերգը մեր բանահյուսության հնագույն ու կարևորագույն նմուշներից է: Հայտնի է տարբեր անուններով` «Ծամթել», «Ծամկալ», «Իմ կյըլխու ֆաթէն» ևն: Աղջկա ծամթելը / ծամկալը / ֆաթեն ընկնում է ծովը, աղջիկը խնդրում է լողվոր տղային, որ ծովից հանի այն, ու փոխարենն առաջարկում է գլխազարդը, ծամերը, աչքերը, սրտկալը (= կրծկալ), սիվտակ դոշը (‘սպիտակ կուրծքը’) կամ շամամ ծծերը, գոտին, բիլազուկը և այլն: Մի տարբերակում նույնիսկ սկսում է գոմեշներից ու մաքիներից: Տղան ամեն անգամ մերժում է: Վերջապես աղջիկն առաջարկում է մի բան, որից հետո տղան համաձայնում է ու հանում ծամթելը: Այդ բանը, ըստ տարբերակների, աղջկա մրկած սրտիկն է (‘այրված սրտիկը’), սիրող սրտիկը, պագը (‘համբույրը’), կամ նույնիսկ ավելի թունդ ու պարզորոշ սեքսուալ առաջարկ (տես ստորև): Իսկ Վանա մի տարբերակում (Մկրեան 1898) երկխոսությունը հա շարունակվում է, բայց վերջը չի տրվում, որ ունկնդիրների հետաքրքրությունն ավելի շարժվի:

3. Մոկաց տարբերակը (Աճեմեան) սկսվում է աղջկա խոսքերով (անընդհատ կրկնվող զոմա-քոմա հանգերգը բաց եմ թողնում).
Զինչ ու զինչ տամ լողւորչուն,
Զիմ շապիկ տամ լողւորչուն:
Սակայն տղան`
Ոչ էառ, ոչ խաւնեցաւ,
Ոչ էխան ծամկալ ծովէն:
Այսինքն` «Ոչ վերցրեց, ոչ հավանեց/հոժարեց, ոչ էլ հանեց ծամկալը ծովից»:
Այստեղ շատ հետաքրքիր են ԷԱՌ ‘առավ’ և ԷԽԱՆ ‘հանեց’ բայաձևերը, որոնք շարունակում են գրաբարյան ԱՌՆՈՒՄ ‘առնել, վերցնել’ և ՀԱՆԵՄ բայերի եզակի 3-րդ դեմքի անցյալ կատարյալի ձևերը` Է-ԱՌ ‘առավ, վերցրեց’, Ե-ՀԱՆ ‘հանեց’: Այս նախահավելվածային Ե-ն ՇԱՏ հին է. սերում է հնդեվրոպական մայր լեզվի *e- աճականից, որ նույնպես անցյալի ժամանակաձևեր է կերտել հնդիրանական ճյուղում, հունարենում ու փռյուգերենում: Օրինակները կարելի է գտնել իմ կիրակնօրյա առցանց դասընթացում (նախագիտելիք 3, § 2):
Իսկ երբ վերջապես աղջիկն անում է իր անհաղթահարելի քայլը (տվյալ տարբերակում` Լիւսնակ գիշեր պագ [‘համբույր’] ըմ տուի), ապա տղան այլևս չի դիմադրում.
Խետ առեց, խետ խաւնեցաւ,
Խետ էխան ծամկալ ծովէն:
Այսինքն. «Համ առավ, համ հավանեց, համ հանեց ծամթելը/ծամկալը ծովից»:

4. Մի ավելի թունդ և ուղղագիծ տարբերակում (տես Խուդաբաշյան 2004, էջ 59)` այն բանից հետո, երբ տղան անտարբեր է մնում աղջկա «շամամ ծըծեր»-ի և «գոտուց բարձր»-ի նկատմամբ, աղջիկն ասում է.
Զիմ գոտուց ցածր կ’իտամ,
Պիտի հանես ծամթել ծովեն:
Ու տղան, բնականաբար, իսկույն դադարում է սակարկելը… Փաստորեն` գոտկատեղից ցածր կռիվը միայն բռնցքամարտում չի, որ կարող է ճակատագրական լինել… :D
Իսկ Սասնա մի տարբերակում (Ռ. Խաչատրյան 1999, 118a) վճռական առաջարկը վարտիքի կապն է` ԽՈՒՆՋԱՆ-ը:

5. Ընդհանուր համատեքստում այս պարերգի բովանդակությունը համադրելի է հայ դիցաբանության ու առասպելաբանության մի շարք դրվագների հետ` Ծովում գտնվող ուլունքը, որը Դեղձուն-ծամի սիրո հմայքն էր (Սանասարը հանում է այն ու տիրանում Դեղձունի սիրուն). Շամիրամի ուլունքը ծովի մեջ. ճրագի հանելուկում` ծովային օձ, բերանում` ուլունք կամ ծաղիկ կամ խնձոր կամ աղջիկ ևն: Հավանական է, որ այս մոտիվը սերում է հնդեվրոպական ակունքներից: Այս հարցերի շուրջ մանրամասն գրել եմ մի ընդարձակ հոդվածում («Լեռնային ակունքի ֆառնը, Արշալույսի դիցուհին և գլխի ու մորթու զոհածեսը վիշապակոթողների իմաստաբանական հենքում»), որ հույս ունեմ շուտով հրատարակել` հավանաբար գրքույկի տեսքով:

6. Բարբառային ծամթել-ը ծամերը կապելու թել կամ ժապավեն է (Վան, Մուշ, Ալաշկերտ - Ամատունին 1912, 303a; Աճառեան 1913, 506a; ՀայԼեզԲրբԲառ Բ, 2002, 392b): Այսպես է և ԺՀԼԲԲ-ում: Անց է կացվել հյուսերի միջով (ինչպես ընդգծում է ՀայԼեզԲրբԲառ), ուստի ճակատնոցից տարբեր է: Հոմանիշներ` ծամթեռ, ծամկապ: Ըստ Ամատունու (1912, 303a)`ծամթել-ի հոմանիշն է նաև ծամ(ա)կալ-ը: Վերջինս ժամանակակից գրական հայերենում մազերը հավաք պահող որևէ հարմարանք է (ԺՀԼԲԲ), ռուս. шпилька, приколка (Հայ-ռուս. բառարան): Ծամակալ ձևը գալիս է ոսկեդարյան գրաբարից (ՆՀԲ 1, 1004c):

7. «ԾԱՄԹԵԼ»ԵՐԳԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Սեդրակեան, Քնար մշեցւոց եւ վանեցւոց, 1874, էջ 24-25
Աճեմեան, Ծաղկաքաղ, առաջին փունջ, էջ 74-78:
Մ. Մկրեան, Լողւոր (լուղորդ) պարերգ, «Բիւրակն», 1898, թիւ 20, էջ 395:
Շահպազեան, Բուն հայկական ստեղծագործութիւն, Ղալաթիա, Տպարան «Շանթ», 1913, էջ 26-27:
Վ. Պետոյան, Սասնա ազգագրությունը, 1965, էջ 391-392:
Ե. Տեր-Մկրտչյան, Վանեցոց հարսանիքը. Հայ ազգագրություն և բանահյուսություն, հտ. 1, 1970. 143-198:
Ռ. Խաչատրյան, Թալին. Հայ ազգագրություն և բանահյուսություն, հտ. 19, 1999. 117-118:
Այլ տարբերակների և քննարկման համար տես Կարինե Խուդաբաշյանի հոդվածներում` «Հայ ժողովրդական մշակույթ» XI, 2001, էջ 45-48; Հայ Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 110-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր` «Պար, երաժշտություն», Երևան, 2004, էջ 53-62: 
Այս պարերգի մասին տես նաև Գրիգորյան, Հայ ժող. բանահյուս., 1980, էջ 50:

8. ՀԱՎԵԼՎԱԾ

Ամիսներ առաջ կատարել էի նմանատիպ մի այլ գրառում, որը հիմա կարծես խմբից ջնջվել է. ուստի այստեղ պատճենում-կցում եմ դա էլ:
Ժողովրդական կատակային զուգերգ
Էսօր մորիցս ժողովրդական բանահյուսության մի հետաքրքիր պատառիկ գրառեցի սկայպով: Մամաս դա լսել է իր գյուղում` Երազգավորսում, մինչև Կիրովական հարս գալը: Որոշ հատվածներ լավ չէր մտաբերում: Կատակային զուգերգ է. աղջիկը չի կարողանում գետն անցնել, մի տղայի խնդրում է օգնել ու դրա դիմաց առաջարկում է վզնոցը, օղը, ապա` համբույրն ու բարեմասնությունները:
Սա, իհարկե, զգալիորեն նման է հայտնի «Ծամթել»-ին, որտեղ աղջիկը տղային խնդրում է հանել ջուրն ընկած ծամթելը:
Եթե ձեզ հայտնի է այս երգին (ոչ թե «Ծամթել»-ին, այլ ավելի շատ իմ գրառած տարբերակին) նման մի գրավոր կամ բանավոր նմուշ, խնդրում եմ մատնանշել:
– Աղջի՛ ջան, ի՞նչ կուդաս` ջուրն անցում:
– Վզիս վզնոցը քեզ կուդամ. դե արի՛, ախպե՛ր ջան, ջուրն անցու՛: 
– Ի՞նչ եմ անում քու վզնոցը:
– Պաչիգըմ կուդամ` ջուրն անցու՛: 
– Ի՞նչ եմ անում քու պաչիգը:
<…>
– Ֆընդըղլու պորդըս կուդամ քեզ, դե արի՛, ախպե՛ր ջան, ջուրն անցու՛: 
– Ի՞նչ եմ անում քու պորդը:
– Չայիր-չիմանս կուդամ քեզ, դե արի՛, ախպե՛ր ջան, ջուրն անցու՛:
ֆընդըղ նշանակում է ‘կաղին, պնդուկ, տխիլ’, ֆընդըղլու պորդ` ‘պնդուկի` տխիլի նման պորտ’:
Իսկ վերջին տողի չայիր-չիման-ը նշանակում է ‘խոտավետ տեղ, մարգագետին’ և հասկանալի է, թե ինչ իմաստով է այստեղ գործածվում: Ուստի, ինչպես դժվար չէ կռահել, տղան այս առաջարկի վրա դադարեցնում է սակարկությունը:


Հրաչ Մարտիրոսյան

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...