Տավուշի մարզի Բերդավան գյուղի հարավ-արևելյան կողմում՝ հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ է գտնվում XI-XIIIդ. համանուն ամրոցը (նաև՝ Ղալինջաքար): Տարածքում կան նաև մ.թ.ա. II հզմ. «Հալնջաքար» և XIII դարի «Ձիթհանքի» ամրոցներ, XVIII-XIX դարերի սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց, Ք.ա. 2-1 հզ թվագրվող դամբարաններ։
Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թ.: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն: Ճարտարապետական հորինվածքով եռանկյունաձև հատակագծով, արևելք-արևմուտք ուղղվածությամբ աշտարակավոր պարսպապատերով կառույց է, որի աղյուսաշար սլաքաձև ավարտով միակ մուտքը բացված է արևմուտքից: Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում:
Կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, կրաշաղախով: Բացառություն են կազմում պատերի ստորին շարքերը, ինչպես նաև բացվածքների եզրաքարերը, որոնք սրբատաշ են: Որմերում պահպանվել են միջնադարյան քանդակազարդ բեկորներ:
No comments:
Post a Comment