18 Jun 2015

«Կարմիր կարկուտ» հայկական ինստալյացիան | Prague Quadrennial

2015 թ. հունիսի 18-28-ը Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով:
Քվադրինալեն 4 տարին մեկ կազմակերպվող բեմական ձևավորման աշխարհի խոշորագույն փառատոնն է, որը կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն ու Եվրոպական միությունը: 1967-ից ի վեր Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և ուրիշներ:



Հայաստանը Պրահայի Քվադրինալեին առաջին անգամ մասնակցել է 2011թ.-ին՝ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի անմիջական ջանքերի շնորհիվ: Այս տարի Հայաստանը դարձյալ իրավունք ստացավ մասնակցելու «Էյվա» արվեստների հիմնադրամի կողմից ներկայացված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, որի հեղինակ-համադրողներն են բեմանկարիչներ Լիլիթ Ստեփանյանը եւ Նելլի Բարսեղյանը, երաժշտության հեղինակն է Տիգրան Համասյանը, իսկ լուսանկարիչը և ռեժիսորը՝ Վահան Սեփանյանը:

Փառատոնի թելադրած «Եղանակ, քաղաքականություն և երաժշտություն» խորագիրը հրաշալի հենասյուն է դարձել Ցեղասպանության թեմայով «Կարﬕր կարկուտ» նախագծի համար, որը հիանալի միաձուլում է այդ երեք գաղափարները»: Նախագծի հիմքում օգտագործվել են Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» տաղի ժամանակակից մշակումը և Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին օգնություն ցուցաբերած նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի արած վավերագրական լուսանկարը (1910 թվական, Մուշ): 

Լուսանկարում երևում են մի խումբ փոքրիկ աղջիկներ՝ իրենց տիկնիկներով: Այն առաջին հայացքից ուրախ լուսանկարի տպավորություն է թողնում: Թվում է՝ երեխաները շատ երջանիկ են, որովհետև օգնություն ստացած տիկնիկներ ունեն իրենց ձեռքերում, և դա այն տարիներին, երբ անգամ ուտելիք չկար: Ըստ լուսանկարչուհու հուշերի՝ երեխաներն անհամբեր սպասում էին, թե երբ կավարտվեն լուսանկարչական աշխատանքները, որ իրենք սկսեն իրենց խաղը: Բայց խաղն ընդհատվեց, որովհետև 1915 թվականին նրանք դարձան Ցեղասպանության զոհեր: Եվ կարծես ամբողջ ինստալյացիան կառուցված է այն գաղափարի վրա, որ երեխաները չշարունակեցին իրենց խաղը: 

Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների և այլոց մասնակցությամբ: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Ցուցադրությունները բաշխվելու են Պրահայի տարբեր հատվածներում: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆրանց Կաֆկայի տանը ուր և հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:




No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...