29 Mar 2015

Դպրոցները վերածել են իրենց հիվանդագին ֆանտազիաներին հագուրդ տալու փորձադաշտի

Երևանի Մ. Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցն է, հարգելինե՛րս: Այո՛, այո՛, ճիշտ եք նկատել, դպրոցում տեղադրված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հսկայական մակետը: Ի՞նչ է սա, ինչի՞ համար է սա... Թո՛ղ գրապահարանիս մանկավարժական-մեթոդաբանական հաստափոր գրքերը շուռ գան գլխիս, թո՛ղ Տեր Թոդիկի «փայ» դառնամ, բայց էսպիսի «ռաբիսություն» հայկական կրթօջախում չտեսնեմ: Էս Մուհամեդի ու սարի պատմությո՞ւնն է: Արդյո՞ք Երևանում ապրող աշակերտին դժվար է տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որ կոթողի նման չափերի մակետ են տեղադրում դպրոցում: Եթե նման բան տեսնեի հեռավոր մի գյուղում, կամ Սփյուռքում, արձագանքս այլ կլիներ ( չնայած երևի չէ): Ինչևիցե:

Երևանի Մ. Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոցը
Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ իրավունք չունենք մեզ հարիր գավառական մտածելակերպով ու անճաշակ պատկերացումներով մուտք գործել կրթօջախներ՝ որպես մանկավարժ ու ուսուցիչ: Ե՞րբ ենք մենք վերջապես հասկանալու, որ մենք ՄԱՆԿԱՎԱՐԺ ենք, այլ ոչ թերուս «ինտերիերի դիզայներ»:

Հասկացե՛ք, գրո՛ղը տանի, ցեղասպանությունը ինքնաարտահայտման ու իմպրովիզի թեմա չէ: Էնպիսի տպավորություն է, կարծես մեր դպրոցների որոշ տնօրեններ յուրօրինակ «առնետավազք» են սկսել, թե ով ավելի դիպուկ, ավելի ճոխ ու մրմռացնող անդրադարձ կունենա այս թեմային:
Գործ արե՛ք, գո՛րծ: Վստահ եմ, այս դպրոցներից պատահական տասը աշակերտ կանգնեցնես ու էս թեմայով հարցեր տաս, մեկը չի գտնվի, որ կկարողանա լիարժեք ու սպառիչ պատասխաններ տալ:
Մի ամբողջ ազգի ողբերգություն ձեր քաղքենի մտածելակերպով հասցրեցի՛ք զարդանախշ-անմոռուկի մակարդակի: Մի քիչ պատասխանատվությո՛ւն ունեցեք ձեր ձեռքի տակ աճող սերունդների հանդեպ:

Սկզբնաղբյուր

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...