24 Apr 2015

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ vs. ՄԵՆՔ

Ուզու՞մ ենք վրեժ լուծել Ցեղասպանության համար, ուզու՞մ ենք հայանպաստ գործ անել, խնդրեմ, անելիքները ծով են, ընդ որում՝ բոլորիս համար՝ հայաստանցի թե դրսեցի, աշակերտ թե ուսանող, ուսուցիչ թե դասախոս, հողագործ թե գիտնական, բժիշկ թե ձեռներեց... Չենք կարող չմորմոքվել Մասիսի ու մնացյալի համար, բայց պետք է կենտրոնացնենք մեր ուժերը Արագածով պսակված մեր ներկա հայրենիքի շենացման վրա: Մեզնից ամեն մեկը կարող է ներդնել իր անփոխարինելի լուման (փոքր թե մեծ՝ կապ չունի. ժողովուրդն ասում է՝ «Մգան շեռն էլ է ջախչին օգուտ»).
Ամեն մի լռեցված հայերենախոսի դիմաց՝ մի գրագետ ու կառուցողական տեքստ (ո՛չ թե լատինատառ խեղագրությամբ ազգայնամոլական պաթետիզմ).
Ամեն մի տասնյակ սպանված կամ որբացած մանուկների կամ պատանիների դիմաց՝ մեկ մանկապարտեզի կամ դպրոցի կառուցում կամ նորոգում (ո՛չ թե նոր եկեղեցու կառուցում).
Ամեն մի մարած ջահել հոգու կրակի դիմաց՝ գոնե մեկ աշակերտիդ հոգում վառածդ մի կայծ (այլապես քեզ ուսուցիչ ասողի տիրոջ մաման...).
Ամեն մի սպանված ուսանողի դիմաց՝ գոնե մեկ ուսանողիդ թեզի բարեխիղճ ընթերցում ու գրագետ խորհուրդ (ո՛չ թե նրա դեմ իջեցրածդ նախանձի կամ ընչաքաղցության շլագբաում).
Ամեն մի սպանված հայ զինվորի դիմաց՝ ծառայությունից պլստալ կամեցող մի հարուստաճտի բռնի զորակոչություն կամ բանակում անօրենություն անող մեկ սպայի կամ «լավ տղու» ոտերի ջարդում (ո՛չ թե բանակի անբովանդակ գովք).
Գաղթի ճամփին մահացած ամեն մի հայի դիմաց՝ մեկ պետպատվերով հիվանդի նկատմամբ անկաշառ վերաբերմունք (այլապես քեզ բժիշկ ասողի տիրոջ...).
Ամեն մի զավթված տան դիմաց՝ թշվառ տնակում ապրող մի ընտանիքի բնակարանով ապահովում (ո՛չ թե աստծո նոր տան կառուցում).
Ամեն մի հանգած օջախի դիմաց՝ մեկ խորանարդ մետր վառելիք մի աղքատ ընտանիքի (ո՛չ թե կամ ո՛չ միայն հիշատակի մոմավառություն).
Ամեն մի ավերված կամ զավթված այգու դիմաց՝ մի 6-20 ծառատունկ (ո՛չ թե ապօրինի անտառահատման գռդոնաբիզնես).
Ամեն մի ավերված եկեղեցու դիմաց՝ մեկ եկեղեցու նորոգում կամ տասը հուշարձանի տարածքի մաքրում՝ խոզազերծում (ո՛չ թե նոր եկեղեցու կառուցում).
Ամեն մի գաղթական հայի դիմաց՝ մեկ հայրենադարձի նկատմամբ նորմալ մարդկային վերաբերմունք (ո՛չ թե հերթական ձևական միջոցառում կամ բոցաշունչ ճառ).
Ամեն մի թալանված հայ ունևորի դիմաց՝ մեկ հայրենադարձ ձեռներեցի հետ ազնիվ ու ողջամիտ համագործակցություն (ո՛չ թե մոնոՊ/Մոլուցք, ռեկետ կամ սպառնալիք).
Ամեն մի մատենագրի այրված կամ թալանված ձեռագրի դիմաց՝ մեկ ձեռագրի կամ գրքի ուշիմ ընթերցում (բայց ո՛չ Նարեկացու ու Քուչակի անուններով դատարկ դոշծեծոց).
Թուրք պատմաբանների ամեն մի նենգափոխման դիմաց՝ մի գիտական շիտակ ու բարեխիղճ հոդված (ո՛չ թե համարժեք պատասխան մեր կողմից՝ հայակենտրոնական նենգափոխմամբ):


Հրաչ, 24.04.2015, Վիեննա

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...