8 Apr 2016

Հիշե՛ք 2016-ի ապրիլի սկիզբը

Արցախի հյուսիս-արևելքում գտնվող Ադրբեջանի
հետ սահմանամերձ Թալիշը`
մարտական գործողություններից հետո
Հիշե՛ք: Ուրիշ բան չեմ ուզում ասել հիմա. արդեն շատ բան ա գրվել, հասկացվել ու բացվել. ուղղակի հիշեք: Հիշեք էս ամեն ինչը, մի՛ մոռացեք: Ամեն ինչ մոռացվում ա, մարում ա ու թուլանում, փաստերը հետո լղոզվում են, հիշողությունները՝ մոնտաժվում, էսօրվա կիզիչ ժամանկագրությունը վաղվա ձեռնածությունն ա դառնալու. դուք մի՛ մոռացեք: Մանավանդ եթե խաղաղության սերնդից եք ու առաջին անգամ էիք պատերազմ տեսնում, եթե փողոց դուրս գալը ձեզ համար նորություն չի, եթե մի շենքի քանդվելուց վրդովում եք, մի գիշերվա ծառահատումից՝ ըմբոստանում. հիշե՛ք, որ ընդվզումը շենքերի ու ծառերի համար չի: Էլեկտրաէներգայի ու գազի թանկացման դեմ չի, տրանսպորտի թանկացման դեմ չի, նույնիսկ արտագաղթի, մոնոպոլիայի, անազատ խոսքի ու կոռուպցիայի դեմ չի: 

Սրանք ածանցյալներ են: Սրանք հետևանք են: Հաջորդ անգամ, երբ դրսում ինչ-որ մեկը քվեատուփի մոտ կգոռա, որ կեղծում են, երբ իրեն ծաղրեն ու լռեցնեն, իսկ դուք տատանվեք՝ օգնե՞ք, թե՞ չէ, ինքը ձեր կուսակի՞ցն ա, թե՞ չէ, ճանաչու՞մ եք, թե՞ չէ, հիշե՛ք 2016-ի ապրիլի սկիզբը: Երբ ոստիկանները էլի ծեծեն մարդկանց ու էլի ջրցաններ հայտնվեն փողոցներում, ու ձեզ սկսեն ներշնչել, որ ամեն ինչ իզուր ա, որ անիմաստ ա, որ սխալ ա, որ փողոց դուրս եկած մարդիկ ուրիշ են, հիշե՛ք, մի՛ մոռացեք էս մի քանի օրը: Ցավը ծանր ա, վախը՝ ուժեղ, մոռանալը հեշտ ա ու փրկող, բայց դուք պահեք ձեր մեջ էս ամեն ինչը, որ երբ ժամանակը գա, կարողանաք նույն ուժգնությամբ նույն բանն արթնացնել, ապրել ու զգալ: Որովհետև երբ ձեզ ասում են, որ դժվար ժամանակները դժվար լուծումներ են պահանջում, ու հորդորում են՝ լռեք, սահմանը լարված ա, պիտի հիշեք ու հասկանաք, որ լռում եք, դրա համար ա սահմանը լարված: 

Երբ ասում են՝ դիմացեք, համբերեք, թե չէ երկիրը կկործանեք, պիտի հիշեք ու հասկանաք, որ երկիրը կկործանվի, եթե շարունակեք դիմանալ ու համբերել: Երբ ասում են՝ դուք տարբեր եք, քո վերնաշապիկը սև ա, իսկ իր մազերը՝ վարդագույն, դու խաչ ես կրում, իսկ ինքը ծխում ա փաբերում, հիշե՛ք ու հասկացեք, որ էս ցավը բոլորը նույն կերպ են զգում, ու որ չորս օր ոչ ոք չէր ժպտում՝ լինի բակի բիսեդկեքում, թե ծխոտ փաբերում: Ու մի՛ մոռացեք, հիշե՛ք, հիշեցրե՛ք, ամեն մի օրը, ամեն մի լուրը, ամեն մի մռայլ առավոտը: Որովհետև դա ա լռելու ու մոռանալու հետևանքը: Հիմա կանգնած եք, պատրաստ եք ու վճռական, հիմա միասին եք, որովհետև դեռ ապրիլ ա ու ապրիլը սկիզբ ա ունեցել. հիշե՛ք էդ սկիզբը: 

Հիշե՛ք էս պահին ձեր՝ ավելի ու ավելի ահագնացող համոզմունքը, որ եթե երկրի ներսում փոփոխություն չլինի, վաղը, մյուս շաբաթ կամ մյուս տարի էլի արթնանալու ենք պատերազմի լուրով, ու էլի անուններ եք կարդալու ամեն օր: Հիշե՛ք, մոռանալը հեշտ ա, մոռացնել ձգտողները՝ շատ ու փորձված: Ու հաջորդ անգամ, երբ ձեր կողքին փոփոխություն գոռացողներին էլի ծեծեն ու լռեցնեն, հիշեք էն, ինչ հիմա եք զգում: Վարվեք նենց, ոնց հիմա կվարվեիք: Ու մի՛ մոռացեք, մի՛ խաբեք ձեզ. սրանից հետո մեր երկրում միշտ ապրիլ ա լինելու:


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...