6 Apr 2016

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ գրքի հրատարակման անհրաժեշտություն | 2016

Photo by PanARMENIAN.Net
Ապրիլյան պատերազմը որակական նոր երևույթ էր անկախ Հայաստանի պատմության մեջ, և այս առումով, կարծում եմ՝ անհրաժեշտ է տեղի ունեցածը վերագնահատելու նպատակով իրականացնել գիտական աշխատանքի հրատարակում՝ գրքի տեսքով։ Անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմի և ռեսուրսներ չունենալու պատճառով ինքս չեմ կարող իրականացնել նշված աշխատանքը և ենթադրում եմ, որ այս նախաձեռնությունը իր վրա կարող է վերցնել որևէ մասնագիտացված ինստիտուտ։ Սիրողական մոտեցումից խուսափելու համար նմանատիպ կառույցի դերում տեսնում եմ ԵՊՀ Պատմության ֆակուլտետին, որը համապատասխան միջոցներ ունի այս պատասխանատու աշխատանքը հաջող իրականացնելու համար։

Ուսումնասիրության հնարավոր ուղիներից կարող են լինել զոհվածների, անձնվիրաբար կռված զինվորականների, մարտական ու տակտիկական գործողությունների, դրանց իրականացնողների, հրամանատարների, ժամկետային զինծառայողների, ուղղաթիռները և անօդաչու սարքերը ոչնչացնողների, անհատների սխրանքների, կամավորների, Թալիշում կատարված վայրագության ու ռազմական հանցագործությունների, լրագրողների օպերատիվ աշխատանքի մասին։ Ո՞վ, ե՞րբ, ի՞նչ արեց, ինչպե՞ս արեց, ով ի՞նչ պատմեց, ի՞նչ չարվեց։ Այս մի քանի օրվա մեջ տեղի ունեցած ամեն ինչ դոկումենտացնել է անհրաժեշտ, սկսած Ֆեյսբուքում հայերի և արտասահմանցիների կարևոր գրառումներից մինչև բոլոր տեսակի նախաձեռնությունները, միջազգային հանրության ու զանազան կառույցների կոչերը, տարբեր վերլուծությունները, աշխարհի լրատվականների լուսաբանումները. մի խոսքով՝ ամեն ինչ։ 

Բնականաբար այդ ամենի համատեքստում թույլ չպիտի տրվի ռազմական գաղտնիքի, տեղանքի հետ կապված նյուանսների արտահոսք։ Բայց մարդկանց անունները ի մի բերել է պետք ու որքան հնարավոր է շուտ, եթե հիմա չարվեց հետագայում արդեն նույն որակով ու արժանահավատ իրականացնել հնարավոր չի լինի, նյութը կկորցնի իր դոկումենտալ-վավերագրական կողմը ու կխախտվի խրոնոլոգիան։ Սա կարևոր է բազմաթիվ առումներով՝ նախ և առաջ մեծարանքի խոսք մեր բոլոր մարտիկներին, նաև հսկայական նյութ հետագայում ուսումնասիրելու, իրավիճակը գնահատելու և առավել ճիշտ գործելու համար։ Ապրիլյան պատերազմի յուրաքանչուր օրվա վերաբերյալ առկա է լայնածավալ արժեքավոր նյութ հավաքագրելու և գրքի տեսքով փաստաթղթավորելու համար։



No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...